«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Սա` ինձ, սա` քեզ, սա` Օստապ Իբրահիմովիչին

Սա` ինձ, սա` քեզ, սա` Օստապ Իբրահիմովիչին
24.07.2009 | 00:00

ԳՑԵՑԻՆ ՁՈՐԸ
Քաղաքական ամառն իր տարերքի մեջ է: Սպասումը, թե մոսկովյան հանդիպումն ինչ-որ բան կփոխի, չարդարացավ: Նոր սպասումը, թե հոկտեմբերին տեղի ունենալիքը կփոխի, նույնքան անհիմն է:
Հոկտեմբերը նշանակետ է ընտրվել մի շարք առումներով: Հոկտեմբերին, ըստ Սերժ Սարգսյանի բարձրաձայնումի, ինքը պետք է «ոտքով» հատի բաց սահմանը, գնա ֆուտբոլ նայելու: Թուրքիայում:
Եթե կարճ-կոնկրետ ու առանց ձևականությունների, ապա սահմանը չի բացվի: Իսկ Սերժ Ազատիչը կգնա ֆուտբոլ նայելու, թե ոչ, կախված է նրա ֆուտբոլային ինքնազգացողությունից: Ինչ վերաբերում է ֆուտբոլային դիվանագիտությանը, ապա այն, անչափ նուրբ փաթեթավորմամբ, կկնքի իր մահկանացուն, մինչև նոր շրջափուլ:
Ասել, թե Սերժ Սարգսյանը ֆիասկո գրանցեց այս գետնին վրա, տեղին չէ, որովհետև նա ապացուցեց, որ կարող է խաղալ այդ դաշտում: Եվ խաղաց: Հենց միայն Հիլըրիի օրումեջ զանգերն ու ուղերձումները, Բայդենի կողմից Ազատիչի «մոսկովյան» ինքնաթիռի «օդային օկուպացում»-հեռախոսազրույցները բավարար էին ասելու` խաղը վատը չէր, և, որպես կողմ, Հայաստանի հետ հաշվի նստեցին աշխարհի գլոբալ խաղացողները, ի մասնավորի` ԱՄՆ-ը, և` ամենաբարձր մակարդակում: Ինչը ցայդ չէր եղել: Մինչդեռ պարզ է. Օբաման, որի վարկանիշն այլևս իջնում է անշեղորեն, նաև` «ցեղասպանություն» բառը չարտաբերելու համար, առանց այդ էլ չէր արտասանելու այդ բառը: Երկուստեք (կուզեք` երեքուստեք) խաղացին: Նորմալ էր:
Հոկտեմբերի հաջորդ առանձնահատկությունն էլ այն է, որ մի վերջին անգամ հանդիպելով միմյանց, հակամարտող երկու երկրների նախագահները, որոնցից մեկի «տրամադրությունն անշեղորեն բարձր» է լինում (և դա, իհարկե, Սերժ Սարգսյանն է` ըստ «Հայլուրի»), իսկ մյուսն ապրում է սերնդի ու դարի ողբերգությունը` առանձին վերցրած իր դեմքի վրա (սա էլ, պարզ է` Ալիևն է) եզրափակիչ-հրաժեշտի սեանս կտան տեսախցիկների առաջ` նույնքան անպտուղ, ինչպես եղել է ցայս, որովհետև այդ հանդիպումը «նվիրված» կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անպտուղ աշխատանքի «տարելիցներին» (նրանցից երկուսի համար դա կլինի վերջին «առաջընթացը»` ղարաբաղյան բանակցային «սեղանին շուրջ»):
ՈՒ բոլորս հանգիստ շունչ կքաշենք, որովհետև մեր շատ սիրելի ու համակրելի «Մեթն» այլևս իր դաժան լավատեսությամբ, անհեթեթ հերքումներով չի կեղեքի մեզ:
Նա և մեր ռազմավարական գործընկեր Մերզլյակովը կլքեն ՄԽ-ն: ԵԱՀԿ այս ՄԽ-ից կմնա երկու պայծառ վերհուշ. երբ նրանք բոլորով, Դենիել Ֆրիդն էլ նրանց հետ, 2006-ին «Մարիոթ-Արմենիայում» կարդացին իրենց այցի մասին հերթական հայտարարությունը. մի պարբերությունը մեկը, մյուսը` հաջորդը. Ֆասիեն` ֆրանսերեն, Դենը` անգլերեն, Մերզլյակովը` ռուսերեն, և ամենաարտահայտիչը կարդում էր Մերզլյակով Յուրին։ Կարդում էին կանգնած, առոգանությամբ, հիացական հայացքներ ու ներհայեցում փոխանցելով լրագրողներին` Բլոկի «ցերկովնի խորի» հայտնի «պերսոնների» պես: Ցնցող էր:
Երկրորդ վառ հուշն էլ այն է, որ Ռամբույեի հայտնի ամրոցում Քոչարյանի հետ համատեղ «օկուպացիոն» (ներեցեք արտահայտությանս համար, բայց` արտաքնոց) էր մտել պարոն Յուրի Մերզլյակովն ու ինստրուկտաժել վերջինիս` չշարունակել բանակցությունները (ռուսական մամուլն անմիջապես տիրաժավորել էր այս լուրը, որպեսզի ոչ ռազմավարական ամերիկաներում հասկանան-իմանան, թե ով է էս կողմերում «տերը, ում համար են հաչում շները»), Քոչարյանը դուրս էր եկել «օկուպացիանոցից» և ԵԱՀԿ ՄԽ-ին, թե` «հոքիրը մըհացել է, ես գնալ տիմ Ղըրաբաղ, գուդ բայ, պարիկամներըս»:
Այսքանն ենք, թերևս, հիշելու այս եռյակից:
Իսկ երկար նաղլը պատմեցինք ցուցանելու համար, որ հոկտեմբերին, ամենամեծ ցանկության դեպքում իսկ, թե՛ ղարաբաղյան, թե՛ Թուրքիո «գետնին» վրա ոչինչ էլ տեղի չի ունենա:
Սակայն նույնը չես ասի ներհայաստանյան զարգացումների «գետնի, քառ ու քռի» մասին։ Հոկտեմբեր-նոյեմբերին, իսկ եթե կարճ` աշնանը, մեզանում տեղի ունենալիքը բավականին հետաքրքիր է լինելու, քանի որ հոկտեմբերյան արտաքաղաքական զարգացումներից հետո առաջանում է լիարժեք դադարի հնարավորություն, ստեղծվում է բարենպաստ դաշտ, ուստի բոլոր կողմերն էլ փորձելու են երևակել իրենց ծրագրերը, նպատակները, որ ցայս խնամքով քողարկում էին:
Հայաստանում արդեն տևական ժամանակ ընթանում են սողացող վերադասավորություններ, որոնք դեռևս առարկայական պատկեր չունեն, սակայն ներիշխանական շահերն ու բախումների մախաթը պարկում երկար պահել չի լինի:
Եվ եթե մինչ մոսկովյան վերջին հանդիպում գերխնդիրը մեկն էր, լավ հասկացողները և առանձնապես վատ հասկացողներն ապրում և ամեն ինչ անում էին, որպեսզի հանկարծ պահը չկորցնեն, ու հասցնեն ասել` ինչ գեղեցիկ ես, կանգ առ, իմա` եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տար` «ստորագրելու» պատճառով, իրենք անմիջապես նրա տեղն զբաղեցնեին: Չէ, մենք չենք ասում, որ այդ լիազորությունը հատկապես խորհրդարանի խոսնակինն էր` Սահմանադրությամբ ամրագրված: Հենց էնպես` օրենքն ենք ֆիքսում:
Եվ քանի որ ստորագրումը համառորեն ու դաժանաբար տեղի չի ունենում, նոր վերադասավորությունների թիրախն այլևս 2012-ի խորհրդարանական ընտրություններն են: Պլանավորվում-սաղմնավորվում են նոր կուսակցություններ, ձախողվում, տորպեդահարվում է դրանց ստեղծումը:
Խաղում են բոլորն ու` անմնացորդ, բոլորն էլ փորձում են հասկանալ` ում հետ են գնալու այդ ընտրություններին, ինչպես:
Հենց աշնանը Սերժ Սարգսյանը կսկսի այդքան երկար սպասված կադրային տեղաշարժերը` ստաժավոր մարզպետներից մինչև...
«Թիրախի» տակ է վարչապետական աթոռը: Ինչպես միշտ: Մի քանի կողմից: Նախագահականի կողմից այն «հարձակում-նահանջում» չափաբանության տակ է. շատ չուժեղանա (տնտեսական ճգնաժամը բա թողե՜ց, որ վարչապետը դասախոսություն կարդա և ուժեղանա, ՀԲ-ն, միջազգային ֆինանսական կառույցները չեն լքում իրենց ֆավորիտ Տիգրան Սարգսյանին, ինչն էլ հաստատ թե՛ նախագահականում, թե՛ մնացած «ինստանցիաներում» դուրեկան չէ):
Վարչապետական աթոռի հավակնորդները, ինչպես միշտ, երկուսն են: Չենք գրում Հովհաննես Աբրահամյանի մասին, ինքն անձամբ մեր թերթին հավատացրել է, որ, ախր, շատ լավ են վարչապետի հետ իր հարաբերությունները, անմահական ( չենք հարցնում` բա մինչ էդ ինչո՞ւ էին «վատ»): Չենք հիշեցնում նույնիսկ հուլիսի 10-ի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցածը, որն իր «խորքում-ենթատեքստում» բոլորովին հակառակի մասին էր խոսում:
Անցնելով առաջ տեղեկացնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, ոմանք չեն բացառում` հաջորդ ֆավորիտը` նախագահի աշխատակազմի ղեկավարը, առաջիկայում, թերևս, դառնա փոխվարչապետ: Պրոֆիլակտիկ նշանակությամբ: Ծանոթանա «մոտիկից» գործին, որպեսզի հետո կարողանա վարչապետել: Հակակարկտային և Ջերմուկի «առողջացման» ծրագրերը նույնպես էս կոնտեքստում են:
Բայց հասկանալի է, չէ՞, որ արթուն ժամապահ, Քոչարյանի ժամանակներից «պոստում կանգնած», «գործում» թրծված, գորշ կարդինալի «մունդիրովկային» տիրապետող Արմեն Գևորգյանը քնած չէ:
Կառավարությունում, փաստորեն, երբեք չքաղաքականացված վարչապետի հետ փորձում են քայլ անել: Անհաջող: Այլ կերպ, քան ՌԱԿ-ՀՌԱԿ-արմենական այդ ողջ թնջուկը բնորոշել հնարավոր չէ:
Իսկ գուցե պլանավորված էր վարչապետանոցում արված ՌԱԿ-ի «ձմեռումն» ու տապալո՞ւմը նույնպես, և ոմանք այդ մասին հոգացե՞լ էին: Խիստ մանրակրկիտ:
Բոլոր դեպքերում, այդ տապալումը նաև ազդանշան էր նրանց, ովքեր ցանկանում են նոր կուսակցություններ ստեղծել (իսկ այդպիսիք ամենևին էլ քիչ չեն մեզանում ու լրջորեն մլուլ են տալիս` սպասելով նախագահականի, իսկ իրականում` Սերժ Ազատիչի աշնանային ազդանշանին ու «դաբրոյին»):
Իսկ ազդանշանի, «հայերեն»` սիգնալի առաջին ընդունում-հանձնումը կատարեց Սամվել Բաբայանը, նույն ինքը` «կամանդույուշչին» (նույն ինքը` Իժոն), դաշինքա-ռամկավարական անչափ դժվար ձեռք բերած դաշինքը գցելով... ձորը:
Սպասենք հաջորդ ձորակատարներին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ